• English
  • Հայերեն
Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

Հայերի ներհոսքը Բրազիլիա վերաբերում է 1870-ական թվականներին, երբ Պոլսի և Արևմտյան Հայաստանի գավառների բնակիչների առանձին խմբեր, որպես կանոն չհաջողացնելով մուտք գործել Միացյալ Նահանգներ, ժամանել են Արգենտինա, Ուրուգվայ և, տեղաշարժվելով դեպի հյուսիս, հաստատվել են Բրազիլիայի հարավային և կենտրոնական նահանգներում` զբաղվելով հիմնականում վաճառականությամբ և արհեստներով:

Հայերի ավելի ստվար խմբեր ժամանել են 1920-ական թթ. կեսերից, 1925 թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով մեր ազգի տարագրության վերջին ալիքների վրա և բնակություն հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում և համանուն նահանգի այլ բնակավայրերում: Համայնքի պատմության առաջին փուլը պայմանականորեն կարելի է համարել 19-րդ դարի վերջից մինչև 1940-ական թթ. ընկած ժամանակաշրջանը, երբ հայությունը նախևառաջ զբաղված էր նոր պայմաններին ընտելանալու, հիմնավորվելու և անհրաժեշտ կենսապայմաններ ստեղծելու հոգսերով: Չնայած դրան, հենց այդ շրջանում է, որ բրազլահայությանը հաջողվեց դնել համայնքային կյանքի բավականին ամուր հիմքեր:

Արդեն 1920-ական թթ. վերջերին ստեղծվեցին հիմնական քաղաքական կուսակցությունների մասնաճյուղերը, եկեղեցական և կրթական հաստատությունները, մշակութային, երիտասարդական կազմակերպություններն ու հայրենակցական միությունները: Առավել կամ նվազ հաջողությամբ և գոյության տարբեր ժամկետներով սկսեցին լույս տեսնել հայկական պարբերականները:

Համայնքի պատմության երկրորդ փուլը թերևս 1940-60-ական թվականներն են, երբ Բրազիլիա ժամանեցին հայերի համեմատաբար խոշոր մմբեր ոչ միայն Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից, այլև Եգիպտոսից, Ֆրանսիայից և այլ երկրներից, շարունակելով կենտրոնանալ ինչպես Սան Պաուկո նահանգում, այնպես էլ Ռիո դե Ժանեյրոյում, Պորտո Ալեգրեյում, Ֆորտալեզայում և հյուսիս-արևելյան ու հարավային մի քանի այլ նահանգների քաղաքներում ու բնակավայրերում:

Հայերի նոր խմբերի ներհոսքը, հատկապես Մերձավոր Արևելքի երկներից, որոշ աշխուժություն մտցրեց համայնքային կյանքում, որը նկատելի նահանջ էր սկսել ապրել վերոհիշյալ տասնամյակների վերջերին, արձանագրելով հայկական մի շարք միությունների և կազմակերպությունների գործունեության դադարեցում և ձուլման տենդենցների ուժեղացում:

Երրորդ փուլը, որն ընդգրկում է 1960-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, բրազիլական համայնքին թվական իմաստով շոշափելի որևէ հավելում չբերեց: Բրազիլիայի ազգաբնակչության աճի բարձր տեմպերը, օտարազգիների հախուռն մուտքը երկիր, որը մի քանի տասնամյակ շարունակ խրախուսվում էր կառավարության կողմից որպես տնտեսական զարգացման կարևոր նախապայման, հանգեցրեցին արդեն սոցիալական բնույթի նկատելի պրոբլեմների, ինչը ստիպեց երկրի ղեկավարությանը սահմանափակումներ մտցնել երկիր մուտք գործող արտասահմանյան քաղաքացիների, այդ թվում հայերի համար:

Դեռևս ուսումնասիրության կարոտ են այն պատճառները, որոնք արգելակեցին վերջին տասնամյակներում հայերի ակտիվ ներհոսքը դեպի Բրազիլիա, սակայն դրանցից մի քանիսը թերևս ակնհայտ են` քիչ տարածում ունեցող պետական լեզուն /պորտուգալերենը/, բնակլիմայական արտասովոր պայմանները, 1960-80 թվականներին երկրում իշխող ավտորիտար ռեժիմը և համայնքի փոքր կրիտիկական զանգվածը, որը չէր կարող ձգող ուժ հանդիսանալ դեպի բնական ռեսուրսներով հարուստ և տնտեսական մեծ հեռանկարներ ունեցող այս հսկա, սակայն հայերին քիչ ծանոթ երկիրը:

Այդ նույն տասնամյակներում Մեձավոր Արևելքի երկրներում տիրող ռազմաքաղաքական և հետո` տնտեսական անկայունության պատճառով սկիզբ առած հայերի արտահոսքն ուղղվեց դեպի արագ թափով զարգացող և ժողովրդավարական ամուր հիմքեր ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և ուրիշներ, շրջանցելով հարավամերիկյան երկրները, այդ թվում Բրազիլիան: Ի տարբերություն սփյուռքի այլ գաղթօջախների, Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, բացի մեկ-երկու տասնյակի հասնող ընտանիքների, մուտք չեն գործել հայաստանաբնակ այն հայերը, որոնք տարբեր հանգամանքների բերումով թողել են Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին:

Անցած տասնամյակների ընթացքում հայերին հաջողվել է հաստատուն դիրքեր գրավել Բրազիլիայի հասարակական կյանքում: Չկա մասնագիտական գործունեության որևէ բնագավառ` արդյունաբերություն, առևտուր, շինարարություն, բանկային գործ, կրթություն, բժշկություն, դիվանագիտություն, արվեստներ, որտեղ հայերը ներկայացված չլինեն և իրենց ակներև նպաստը բերած չլինեն դրանց զարգացմանը: Դրա հետ մեկտեղ, հայերը հիմնականում ճանաչված են եղել որպես կոշկի արդյունաբերության և հետո` դրա վաճառքի մեջ մասնագիտացած ազգային փոքրամասնություն:
1960 թվականներից նրանք մուտք են գործել նաև քաղաքական ասպարեզ: Այդ բնագավառի ճանաչված գործիչներից են Դաշնակցային խորհրդարանի նախկին անդամներ Ֆերնանդո Գասպարյանը, Մատու Գրոսսու նահանգի նահանգապետ Պեդրո Պետրոսյանը, Օզասկո քաղաքի առաջին քաղաքապետ, նույն քաղաքի կառավարության բնապահպանության քարտուղար Հրանտ Սանազարը, Սան Պաուլո նահանգի խորհրդարանի պատգամավոր Կառլոս Կռլակյանը, տարբեր քաղաքների խորհրդարանների անդամներ, այդ թվում` Աշոտ Սանազարը, ԲԴՀ բյուջեի ու պլանավորման նախկին նախարար (1996-1998թթ.), Դաշնային խորհրդարանի անդամ, ականավոր տնտեսագետ Անտոնիո Կանդիրը և ուրիշներ:

Արժանի հեղինակություն նվաճելով տեղական իշխանությունների մոտ և օգտագործելով բարձր ոլորտների հետ կապերը, համայնքին հաջողվել է «Արմենիա» անունով կոչել Սան Պաուլոյի հրապարակներից մեկը, դրա տարածքում գտնվող մետրոյի կայարանը, օդային մի խոշոր կամուրջ, և «Արմենիա» հրապարակի տարածքում բարձրացնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Այսօր Սան Պաուլո քաղաքում գործում է Հայ առաքելական «Սուրբ Գրիգոր» եկեղեցին արքեպիսկոպոս Տաթև Ղարիբյանի առաջնորդությամբ և Էջմիածնական առանձին թեմի կարգավիճակով: Եկեղեցական խորհուրդը բաղկացած է համայնքային միությունները ներկայացնող 40 անդամներից, որի երկար տարիների ատենապետն էր ֆինանսական ու առևտրական խոշոր գործիչ Վարուժան Բուրմայանը: Ներկայումս նրա ղեկավարն է ականավոր մանկաբույժ Անդրանիկ Մանիսաջյանը: Վարչական խորհրդի նախագահն է մեծահարուստ Անդրե Կիսաջիկյանը: Եկեղեցուն կից գործում է «Ազգային Դուրյան վարժարանն» իր նախակրթարանով, մոտ 120 աշակերտներով, հրապարակվում է «Սիփան» պարբերական թերթը:

Առաքելական թևը ներկայացված է նաև Օզասկո քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցով, որի սպասարկումը կատարվում է Ս. Պաուլոյի «Ս. Գրիգոր» եկեղեցու ավագ քահանա Պողոս Պարոնյանի կողմից:

Սան Պաուլոյում առկա է «Գրիգոր Լուսավորիչ» կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև Հայ ավետարանական (բողոքական) եկեղեցին, որի դավանական պատկանելիության սահմաններում, բայց ինքնուրույնաբար, գործում է նաև «Ավետարանական եղբայրներ» միությունն իր եկեղեցով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղը (վարչության նախա•ահ Գրիգոր Մանուկյան) համայնքի խոշոր կազմակերպություններից մեկն է, զբաղեցնում է ընդարձակ տարածք քաղաքի կենտրոնական մասերից մեկում, ունի լավ կահավորված դահլիճ, հանդիսությունների սրահ, մարզադաշտ: Մինչև 2005 թ. Միությանը կից գործում էր «Պարեն և Ռեժինա Բազարյան» դպրոցը մոտ 100 աշակերտներով: 2-3 ամիսը մեկ անգամ հրատարակվում է «Ծիածան» հանդեսը:

Քաղաքական թևը ներկայացված է ՍԴ Հնչակյան, Ռամկավար Ազատական կուսակցությունների բրազիլական մասնաճյուղերով, որոնք ենթարկվում են արգենտինյան համապատասխան վարչություններին, ինչպես նաև ՀՅ Դաշնակցության կոմիտեով: Առավել մեծաթիվ է և գործուն ՀՅԴ-ն, որի ներկայիս հերթապահն է Սիմոն Խրիմյանը: Նա էլ հանդիսանում է նաև Հայ դատի հանձնախմբի նախագահը:

2005 թ. ի վեր գործում է «Armenia viva» («Ապրող Հայաստան») ռադիոժամը, նույն թվականին հիմնադրվել ՀՅԴ-ի Համազգային կրթական և մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղը:

Դաշնակցության ծիրի մեջ է գործում այդ կուսակցությունից 1970-ական թվականներին տրոհված «Հայկական ակումբը»: Վերջինս համայնքային կարևոր և աշխույժ կազմակերպություն է, որը գրավում է լայնածավալ տարածք իր շինություններով, ուր տեղավորված են հանդիսությունների սրահը (մոտ 500 մարդու համար), փոքր սրահը, գրադարանը, ամենօրյա գործող ճաշարանը, «դիսկոտեկի» սրահը, քարտուղարության, նախագահության սենյակները: Ակումբը, որն իրականության մեջ մի խոշոր համալիր կառույց է, ունի նաև փակ մարզադահլիճ, ֆուտբոլի հրապարակ, լողավազան և օժանդակ այլ հարմարություններ: Վարչական մարմինը բաղկացած է 40 անդամներից, նախագահն է փաստաբան Կարո Փիլավջյանը: Տնօրինության նախագահն է Ժիրայր Մահսերեջյանը:

Չնայած կենտրանատեղու բացակայությանը, բավականին ակտիվ և նախաձեռնող գործունեություն է ծավալում Հայ օգնության միությունը, որի հովանավորության ներքո գործում է նաև հայկական ծերանոցը: ՀՕՄ-ի ատենապետն է Սիլվա Կարտալյանը:

1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանի փիլիսոփայության, լեզվի և գրականության ֆակուլտետում հիմնադրվել և գործում է լատինամերիկյան տարածքում միակ հայագիտության ամբիոնը, որը ներկայումս ղեկավարվում է լեզվաբանության դոկտոր Լուսինե Եղիազարյանի կողմից:

Ռիո դե Ժանեյրոյում հիշատակության են արժանի մինչև վերջերս գործող «Արարատ» մշակութային միությունը և «Հայ տիկնաց հանձնախումբը»: Լրագրող Արա Նեվրուզի կողմից հրատարակվում էր «Մասիս» անունը կրող պարբերաթերթը: Հին սերնդի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համայնքային կյանքը ներկայումս գտնվում է բարձիթողի վիճակում: Համայնքի ղեկավարն է Էդ. Գասպարյանը:

Բացառապես խորհրդանշական է Մարաշի, Հաճնի հայրենակցական միությունների, ինչպես նաև հայ մարմնամարզական միությունների (ՀՄՄ, ՀՄԸՄ) գոյությունը Սան Պաուլոյում:

1994 թվականից քաղաքում գործում է «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղը Օշին Մոստիչյանի ղեկավարությամբ:

Վերջին տարիներին ստեղծված կազմակերպություններից էր (1996-1999թթ.) Բրազիլիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, որի հիմնադրման հովանավորն էր Ա. Կանդիրը, իսկ նախագահը` Գ. Գանանյանը:
Չնայած հայապահպանության ուղղությամբ տեղական եկեղեցու և համայնքային կազմակերպությունների ճիգերին, հայկականությունը (լեզուն, ազգային սովորությունները, պատմության իմացությունը և այլն), հատկապես երիտասարդության շրջանում նկատելի նահանջ է ապրում: Խառն ամուսնությունները, ըստ եկեղեցու հաշվառումների, կազմում են մինչև 95 և ավելի տոկոս: Անհրաժեշտ մակարդակի վրա չէ հայոց լեզվի ուսուցումը: Ավարտող աշակերտների մի փոքր մասն է միայն, որ կարողանում է բացատրվել հայերենով: Նույնիսկ տարեց մարդկանց շրջանում թույլ է հայերենի իմացությունը, նրանց մեծ մասը թրքախոս է կամ արաբախոս:

Համայնքի սոցիալական կազմում մեծ տոկոս են կազմում հարուստներն ու մեծահարուստները, սակայն նրանց նյութական օժանդակությունը գաղութային միություններին (բացի առանձին անհատներից` Վ. Բուրմայան, Ա. Կիսաջիկյան) և մասնակցությունը ձեռնարկներին, ցածր մակարդակի վրա է: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել, որ հենց այդ խավի շրջանում է, որ խառը ամուսնություններ համարյա տեղի չեն ունենում:

Բրազիլահայ համայնքի աշխատանքների աշխուժացման, մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման հարցում կարևոր հանգամանք հանդիսացավ 1998 թ. Սան Պաուլոյում հաստատված ՀՀ գլխավոր հյուպատոսությունը /առաջին գլխավոր հյուպատոս` Ա. Եղիազարյան/: 2006 թ. Երևանում բացվեց Բրազիլիայի դեսպանությունը, իսկ 2010 թվականին ԲԴՀ մայրաքաղաքում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը / ներկայիս դեսպան` Աշոտ Գալոյան/:
Դեսպանության բացումից հետո Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դադարեցրեց իր գործունեությունը: Հիմնադրվեց պատվո գլխավոր հյուպատոսություն, որի ղեկավար նշանակվեց բրազիլահայ մեծահարուստ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիրուհի Բուրմայանը:

2015թ. դրությամբ բրազիլահայերի թիվը կազմում է շուրջ 100,000 ինչն արձանագրվել է նաև 2015թ. հունիսի 2-ին ԲԴՀ Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: