Լուրեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրազիլի Դաշնային Հանրապետություն

12.08.2016

Կից լուսանկարներ

The President of the Republic of Armenia Serzh Sargsyan has been on a working visit in the Federative Republic of Brazil.

The President of the Republic of Armenia Serzh Sargsyan has been on a working visit in the Federative Republic of Brazil.

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 2016թ. օգոստոսի 11-ից 15-ը տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրազիլի Դաշնային Հանրապետություն:

Ս.թ. օգոստոսի 12-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց մայրաքաղաք Բրազիլիա: Դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը ուղևորվեց ԲԴՀ նախագահի պաշտոնական նվստավայր` Պլանալտո պալատ, որտեղ կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Բրազիլի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ Միշել Տեմերի հետ: Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բրազիլի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման հնարավորությունների շուրջ:

Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդման վերաբերյալ փաստաթղթեր. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և մատակարարման նախարարության միջև» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բրազիլի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Բրազիլի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը: Արարողությանը մասնակցեցին նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սեղան, Բրազիլի դաշնային խորհրդարանի անդամներ, Բրազիլիա Դաշնային Շրջանի նահանգապետարանի ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Բրազիլի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարները: Արարողության ավարտին երկու արտգործնախարարների կողմից ստորագրվեց համատեղ արձանագրություն և պարկուճով զետեղվեց կառուցվող դեսպանատան հիմքում:

Ս.թ. օգոստոսի 12-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահ Սարգսյանը և Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինը քննարկեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործելու հեռանկարները: Հատկապես նշվեց գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և գիտական նորարարության ծրագրերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները, երկկողմ առևտրի զարգացման ուղիները: Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը գրառում կատարեց Սան Պաուլո նահանգի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետև ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը մասնակցեցին, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված ընդունելությանը: Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բարեկամ Բրազիլում հաստատված հայ համայնքը կարողացել է պահպանել հայկական շունչը և արժանավայել ներկայացնել հայ ժողովուրդը` ապրելով ու արարելով Հայրենիքի սահմաններից դուրս, հային հատուկ աշխատասիրությամբ ու իմաստությամբ` հասնելով հասարակական բարձր դիրքի, դառնալով օրինապաշտ քաղաքացիներ, տարբեր բնագավառներում հարգված ու պահանջված մասնագետներ:

Հավաքի մասնակիցներին խոսքով դիմեց նաև նահանգապետ Ժերալդո Ալքմինը` ջերմ բարեմաղթանքներ հղելով վերջիններիս և բարձր գնահատելով հայերի ներդրումը նահանգի զարգացման գործում: Նա առանձնակի ընդգծեց ՀՀ Նախագահի այցի կարևորությունը համոզմունք հայտնելով, որ այն միանշանակ կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Օգտագործելով պատեհ առիթը` ՀՀ Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրեց Սան Պաոլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանին:

Օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այցելեց օլիմպիական ավան, որտեղ հանդիպեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող օլիմպիական թիմի հետ` քաջալերելով հայ մարզիկներին դրսևորել անկոտրում կամք և հասնել ամենաբարձր արդյունքներին:

Այցի վերջին օրերին ՀՀ նախագահը ներկա գտնվեց այն մրցելույթներին, որոնցում հայ մարզիկները գրանցեցին ամենափայլուն հաղթանակներ` նվաճելով մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր